National Renaissance Party, Republic of Artsakh
«Ազգային վերածնունդ» կուսակցության ստեղծման գաղափարը ծագել է դեռևս 2012թ. օգոստոսին, հոկտեմբերից սկսվել է հանդիպումների շարք Արցախի մի շարք համայնքներում՝ նոր կուսակցության հիմնադրման համար: Արդեն 2013թ. հունվարին նախաձեռնող խումբը լրատվամիջոցներով տարածեց կուսակցություն ստեղծելու մասին հայտարարությունը, իսկ մեկ ամիս անց՝ փետրվարի 24-ին, Արցախի Խաչեն գյուղում տեղի ունեցավ կուսակցության հիմնադիր համագումարը: Մայիսի 16-ին կուսակցությունը պաշտոնապես գրանցվեց ԼՂՀ Արդարադատության նախարարության համապատասխան բաժնի կողմից: Այժմ կուսակցության անդամների թիվը մոտենում է 300-ի:
Արցախում վարվող քաղաքականությունը, կառավարման անարդյունավետությունը, հասարակությունում առկա անարդարության զգացումը բողոք է առաջացնում մեր բազմաթիվ մտահոգ քաղաքացիների մոտ: Նրանցից շատերը հստակ պատկերացումներ ունեն երկրի զարգացման, տնտեսության վերականգնման և այլ կարևոր հարցերի շուրջ, մոտեցումներ, որոնք էականորեն տարբերվում են իշխող քաղաքական ուժերի մոտեցումներից:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է այս մարդկանց միավորելու, Արցախի զարգացման համար նոր գաղափարներ առաջարկելու նպատակով: Վերջին տարիներին մեր քաղաքական դաշտը դարձել էր միաբևեռ, քաղաքական պայքար գրեթե գոյություն չուներ, քաղաքական ուժերը նույնիսկ չեն պայքարում թափուր մնացած պատգամավորական տեղերի և մեծ համայքների ղեկավարների պաշտոնների համար: Շատ հաճախ ականատես ենք լինում մեկ թեկնածուով պայքարի դեպքերի, ինչը նորմալ երևույթ չէ և քաղաքական անոմալիա է: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը նպատակ ունի ուժեղացնել քաղաքական մրցակցությունը, ժողովրդին առաջարկել այլընտրանք՝ նոր գործիչների և նոր գաղափարների տեսքով:
Կուսակցությունն ազգային ուղղվածության է և որդեգրել է սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունը: Ղարաբաղյան կարգավորման հարցում մենք որդեգրել ենք ՛՛ոչ մի թիզ հողի՛՛ սկզբունքը, կուսակցության առաջնահերթություններից է Արցախի թերբնակեցված շրջաններում բնակչության ավելացման, այս շրջաններում նոր ենթակառուցվածքների ստեղծման խնդիրները: Մեր գերնպատակը միացյալ Հայաստանի ստեղծումն է:
Սոցիալ-դեմոկրատական մոտեցումները ենթադրում են պետության կողմից մասնավորի համար ոչ հրապուրիչ ոլորտներում և վայրերում արտադրական հզորությունների ստեղծում, գյուղական վայրերի զարգացում՝ շեշտը դնելով ենթակառուցվածքների զարգացման ու վերանորոգման, գյուղատնտեսական ապրանքների մշակման և դրանց համար նոր շուկաներ գտնելու վրա:
Կուսակցության ուշադրության կենտրոնում գյուղն է և մայրաքաղաքի ու շրջանների միջև զարգացման հսկայական տարբերությունների վերացումը: Արցախի բնակչության մի զգալի մասի Ստեփանակերտում կենտրոնանալը մենք դիտարկում ենք որպես սպառնալիք երկրի անվտանգությանը: Կուսակցության գործունեությունն ուղղված է լինելու շրջանների զարգացմանը, որի հիմքը համարում ենք Արցախի տարբեր վայրերում արտադրական ձեռնարկությունների ստեղծումը:
Մենք դեմ ենք կառավարման այսօրվա անարդյունավետ համակարգին, գտնում ենք, որ մեր հասարակությունը հսկայական միջոցներ է ծախսում ուռճացված պետական համակարգ պահելու համար: Բազմաթիվ նախաձեռնող և գրագետ մարդիկ են մտնում պետական կառավարման համակարգ՝ ժամանակի ընթացքում լճանալով և անգործության մատնվելով, այնինչ մեր շատ ձեռնարկություններ կարիք ունեն լավ կառավարիչների, շուկայի մասնագետների, տարբեր որակյալ կադրերի: Կրճատելով բյուրոկրատիան և կադրերին ուղղորդելով դեպի իրական տնտեսություն՝ մենք նպատակ ունենք ավելացնել ազգային հարստությունը, հնարավորություն տալ բնակչությանն ավելի շատ եկամուտներ ունենալ:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր «Վերածնունդ» պաշտոնաթերթի միջոցով կներկայացնի իր տեսլականը տարբեր հարցերի շուրջ: Արցախի տարբեր վայրերում կայանալիք մեր հանդիպումներում, կուսակցության ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև այլ հարթակներում մենք մեծ սիրով կհավաքենք մտահոգ քաղաքացիների առաջարկները: Ձեր ակտիվությունը կավելացնի մեր արդյունավետությունը:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը մեծ տեղ է տալիս սկզբնական կառույցներին և նպատակ ունենք առաջիկա երկու տարում սկզբնական կառույց կամ համակիրների ակտիվ խումբ ունենալ Արցախի համայնքների մեծ մասում:
No reviews yet. Be the first to add a review.